ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հայտարարություն

Հայտարարություն
12.08.2025 | 18:00

Հայաստանի Ժողովրդական շարժումն իր խոր մտահոգությունն է հայտնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ նախաստորագրված «խաղաղության համաձայնագրի» բովանդակության մեջ տեղ գտած դրույթների վերաբերյալ։

Դրանք ամբողջությամբ արտացոլում են 1918 թվականի հունիսի 4-ին Թուրքիայի հետ ստորագրած Բաթումի տխրահռչակ պայմանագրի տառն ու ոգին, միայն մի տարբերությամբ, որ այն ժամանակ դեռ չկար պետություն, իսկ այժմ մի կառավարություն է ստորագրել, որն ունի 7 տարվա պատմություն։ Այսինքն՝ իշխող կառավարությունը գիտակցաբար զոհում է Հայաստանի շահերը՝ հանուն աշխարհաքաղաքական խաղերի։

Համաշխարհային նոր համակարգի ձևավորման ընթացքում կարևոր է չկրկնել 107 տարի առաջ գործած սխալը և Հայաստանը դարձնել գերուժերի շահերի բախման մարտադաշտ, իսկ հայրենի տարածքներն ու Հայ ժողովրդի արյունը՝ առևտրի և սակարկության առարկա։

Հայաստանի Հանրապետության նախորդ բոլոր իշխանությունների, «կուսակցությունների» և դրսից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների հիմնական մասի գործուն մասնակցությամբ փորձում են Հայաստանը դարձնել օտար շահերի մարտադաշտ, ինչը հղի է քաղաքական և անվտանգային, տնտեսական և հասարակական լրջագույն մարտահրավերներով և ազգին ու պետականությանը սպառնացող գոյութենական վտանգներով։

Արևմուտքի ներթափանցումն աշխարհի ցանկացած տարածք իր հետ բերում է ավերումներ, պատերազմներ ու բնական ռեսուրսների թալան, ուստի Հայաստանը և Հայ ժողովուրդը պետք է միավորվեն մեկ դրոշի տակ ու խնդիրները լուծեն առանց միջնորդի՝ հստակ առաջադրելով և անշեղ հետապնդելով ազգային ու պետական երկարաժամկետ շահերն ու նպատակները։

Մեկընդմիշտ բոլորի համար պետք է հստակ լինի, որ խաղաղությունը ձեռք է բերվում ռազմական, դիվանագիտական և քաղաքական ուժերի հավասարակշռության պարագայում, իսկ հակառակ դեպքում որեւէ թղթի կտոր պատերազմի խոչընդոտ չէ։

Երևան, օգոստոսի 12, 2025 թ.

Հայաստանի Ժողովրդական շարժում

Դիտվել է՝ 14147

Մեկնաբանություններ